Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ինքնաբավ էկոնոմիկան՝ պետականության կայանալ-չկայանալու պայման

Ինքնաբավ էկոնոմիկան՝ պետականության կայանալ-չկայանալու պայման
14.09.2023 | 13:06

Ինչ որ չափի ինքնիշխանություն ունեցող սեփական պետականություն ստեղծելու առաջին և ամենակարևոր պայմանը ինքնաբավ էկոնոմիկա ունենալն է, քանի որ դրա հիման վրա են կառուցվելու պետականության մյուս ատրիբուտները՝ քաղաքական իշխանությունը, բանակը, գիտությունն ու կրթական համակարգը, առողջապահությունը, և այլն։

Սեփական պետականություն ունենալու հաջորդ կարևոր պայմանը ոչ ագրեսիվ միջավայրում գտնվելն է և ուժեղ ու հուսալի դաշնակիցներ ունենալը։

Հաջորդ քայլը, որով կարելի է մարդկանց համար ապրելու բարեկեցիկ երկիր սարքել, քաղաքական կյանքի ու տնտեսական գործունեության հնարավորինս հարմոնիկ միասնությունն է ժամանակակից որևէ իշխանական մոդելի սահմաններում և առաջին հերթին չմոռանալով մարդու ազատությունն ու համակողմանի իրավունքները։

Իսկ այս բոլորի հիմքը, ներառյալ տնտեսությունը, երկրի կրթական համակարգն է ու բազմադեմ ռեսուրսները։

Սա պետական կառուցվածքի ու դինամիկայի հնարավոր աշխատող մոդել է, որն էլ իր հերթին հենվում է ավելի խորքային ռեսուրսի վրա, ինչպիսին է մարդկանց մտածելակերպն ու նրանց հոգեբանությունն ընդհանրապես։

Սրանք այն հիմնական եթե-ներն են, որոնցով պայմանավորված է պետականության կայանալ-չկայանալը, և որոնք հասկանալու ու կառավարելու համար փորձի ու հումանիտար տիպի գիտելիքի վրա հիմնված հին պարադիգմը վաղուց արդեն իրեն սպառել է։

Այս հարցում ևս աշխարհը դինամիկ ձևով շարժվում է առաջ, որը հետամնացներին սկզբունքորեն հասկանալի լինել չի կարող, և այդ պրոգրեսիվ դինամիկան՝ հենվելով համակարգերի տեսության, կիբերնետիկայի, համակարգային դինամիկայի, կառավարման տեսության և այլ նորագույն գիտական նվաճումների վրա, ձևավորել է նոր պարադիգմ, որը նախկինից տարբերվում է քանակական մեթոդների հնարավորինս լայն կիրառմամբ՝ տարբեր բնույթի մաթեմատիկական մոդելների տեսքով։

Եվ այս կոնցեպտուալ մակարդակի պարադիգմային շեղման բացատրությունը շատ պարզ է և հիմնված է այն հանգամանքի վրա, որ որոշում կայացնող մարդկանց ինտելեկտուալ հնարավորությունները և ինֆորմացվածության աստիճանը բավարար չեն բարդ իրավիճակներում ռացիոնալ որոշումներ կայացնելու համար։

Իսկ դրա պատճառը աշխարհի բարդության աննախադեպ աճն է, որը գլոբալ որոշումների կայացման ժամանակ, կարևոր գործոնների ու նրանց փոխադարձ կապերի կտրուկ աճի պատճառով, բերում է մեծ ռիսկերի ու կատաստրոֆիկ սխալների։

Այս լրջագույն պրոբլեմի լուծման միակ ճանապարհը, տարբեր ուժային կենտրոններում որոշումներ կայացնելուց առաջ, խնդրո առարկա ինֆորմացիայի նախնական մշակումն է և դրա հիման վրա հնարավոր որոշումների բազմության գեներացումը։

Դա հնարավորություն է տալիս հեշտացնել վերջնական որոշումներ կայացնողների աշխատանքը, բարձրացնել կայացված որոշումների էֆեկտիվությունը, փոքրացնել մասշտաբային սխալներ կատարելու ռիսկերը։

Իսկ ինչ վերաբերում է ինֆորմացիայի նախնական հուսալի մշակմանը, ապա բարդ ու բազմագործոն պրոբլեմների դեպքում դրա միակ միջոցը մաթեմատիկական մոդելավորումն է և դրա հիման վրա կոմպյուտերային էքսպերտային համակարգերի ստեղծումը։

Պարզունակ խելքին զոռ տալու ավանդական մեթոդները վաղուց արդեն չեն աշխատում, իսկ մաթեմատիկական մտածողություն և գիտելիք չունեցողները սիրողական մակարդակից ավել առաջ գնալ չեն կարող սկզբունքորեն։

Որպեսզի ասածը ավելի պարզ լինի, օրինակ բերեմ այլ ոլորտից։

Ժամանակակից էլեկտրոնային բլոկները պարունակում են միլիոնավոր տրամաբանական տարրեր, և ենթադրենք՝ որևէ տաղանդավոր էլեկտրոնիկ ինժեներ ուզում է որևէ նման սխեմա նախագծել առանց Սինոփսիսի դրա համար նախատեսված տրամաբանական սինթեզի գործիքի։

Պատասխանը մեկն է՝ նման բարդությունը, առանց սինթեզի կոմպյուտերային գործիքի, անհնարին է, իսկ նշված սինթեզի գործիքն ինքն ունի մաքուր մաթեմատիկական միջուկ Բուլի հանրահաշվի տեսքով։

Նույն իրավիճակը պետական կառավարման և աշխարհաքաղաքականության մեջ է, որտեղ հաճախ հանդիպող գլոբալ սխալները շատ ավելի մասշտաբային կորուստների են բերում, քան նույն կարգի սխալները՝ բիզնեսում։

Այնպես որ, պրոբլեմները հասկանալու և դրանք կառավարելու ժամանակակից ճանապարհը դրանց մաթեմատիկական մեկնաբանումն է տարբեր մոդելների տեսքով, և այս իմաստով ֆիզիկայի փորձը շատ կարևոր է, քանի որ գիտելիքի մաթեմատիզացիայի ռահվիրան եղել ու մնում է ֆիզիկան, մաթեմատիկական էկոնոմիկայի, մաթեմատիկական կենսաբանության և հիմա արդեն նաև մաթեմատիկական հասարակագիտության հետ միասին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6812

Մեկնաբանություններ